ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին կարծում է, որ ԵԱՏՄ-ի կայացումը տասնամյակներ չի տևի, բայց ժամանակ է պետք օգուտներ քաղելու համար։ Արձագանքելով ընդդիմախոսներին, ովքեր կարծում են, որ միությունը ոչ կայացել է, ոչ էլ ապագա ունի, Սլուցկին Ազգային ժողովում հայտարարեց՝ ԵԱՏՄ-ի կայացումը րոպեական գործ չէ։ «Միությունը ճանապարհ պետք է անցնի, դա տասնամյակներ չի պահանջի, բայց ամիսներ, տարիներ կպահանջի, որ մեզ թույլ տա իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հազարավոր աշխատատեղեր կբացեն»,- ասաց նա։ «ԵԱՏՄ-ն նոր է գործարկվում, երեք ամսական երեխա է, ի՞նչ ապրանքաշրջանառություն»,- «Ազատության» հարցին ի պատասխան ասել է ռուս պատգամավորը՝ ընդգծելով, որ ապրանքաշրջանառության լայն ծավալների մասին առայժմ խոսելը վաղ է։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովը երրորդ համատեղ նիստից հետո հայտարարությամբ վերահաստատեցին Եվրասիական տնտեսական միությունում տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Նիստին հետևած մամուլի ասուլիսում հանձնաժողովների նախագահները շեշտեցին, որ ԵԱՏՄ արդեն իրողություն է և գնում է դեպի զարգացում։
Լեոնիդ Սլուցկին ասուլիսում օրինակ բերեց Բելառուսի հետ հարաբերությունները, նշեց, որ չնայած Հայաստանի հետ միությունը ընդհանուր սահման չունի, փոխարենը կա մեծ ցանկություն՝ միասին անցնելու համագործակցության այդ ճանապարհը։ «Իրավիճակը կբարելավվի այս տարի, գուցե հետո։ Սա հստակ հաշվարկված ծրագիր է։ ՈՒնի տնտեսական հիմք»,- ասաց ռուս պատգամավորը։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հավելեց՝ ԵԱՏՄ-ում գործելու Հայաստանի մոտիվացիան չի փոխվել։ «Այդ տնտեսական հիմնավորումները առաջիկայում դառնալու են ավելի շոշափելի»։ Նա վստահ է, որ արևմտյան պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում ստեղծված դժվարությունները արագ կհաղթահարվեն, ինչն էլ նոր ազդակ կլինի հետագա համագործակցության համար։ Հայկական կողմը կրկին վերահաստատեց՝ ԵԱՏՄ-ին միանալու Սերժ Սարգսյանի որոշումը ոչ թե պահի ազդեցության տակ է ընդունվել, այլ հիմնավոր է, այլ երկրների ու կառույցների հետ համագործակցության հաշվին չի իրականացվում։
Լեոնիդ Սլուցկին, կարևորելով Հայաստանի դերը ԵԱՏՄ- ում, ասաց, որ Հայաստանի հավասար իրավունքներ ունի միությունում։ Այս դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չէր մասնակցում վերջերս Աստանայում կայացած ԵԱՏՄ երկրների նախագահների հանդիպմանը։ Սլուցկու պատասխանը ուշագրավ էր. չէին պատրաստվում «կռուտոյներով» հավաքվել ու մոռանալ Հայաստանին, ասաց։ Հանդիպումը նախատեսված էր երեք երկրների համար՝ ՈՒկրաինայի հարցերը քննարկելու նպատակով, նշեց ռուս պատգամավորը, ապա հավելեց, թե նման հանդիպման նախաձեռնություն վաղուց է եղել` դեռ Մաքսային միության ժամանակներից, որի անդամ Հայաստանը չի էլ եղել: Ի սկզբանե օրակարգում այլ հարցեր են եղել, սակայն Ղազախստանի նախագահի առաջարկով վերջին պահին լրացումներ են եղել և քննարկվել է նաև ընդհանուր արժութային միության հարցը։
«Ազատության» դիտարկմանը, թե ժամանակը չէ՞, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը դադարեցնի զինել Ադրբեջանին, ինչի մասին մտահոգություն էր հայտնել նաև Սերժ Սարգսյանը, ռուս պատգամավորը նշեց, թե խնդիրն այլ է՝ ժամանակն է լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Սլուցկին ասաց, թե Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, իսկ Հայաստանին մատակարարում է այլ պայմաններով։ Շեշտեց նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զենքի մատակարարման բալանսը պահպանվում է։
«Ինչ վերաբերում է ընդդիմության սպեկուլյատիվ տարբեր ճիչերին, ցավոք, մենք էլ ենք դրանց հանդիպում։ Եվ Հայաստանը, և Ադրբեջանը մեր գործընկերն են, և մեզ պետք չէ դադարեցնել համագործակցությունը՝ հրահրելով կտրուկ դիմադրություն երկրների միջև և իրավիճակի շիկացում տարածաշրջանում։ Բանակցություններում դեռ որակական առաջընթաց չկա»,- հավելեց ռուս պաշտոնյան։ Հայկական կողմի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանն էլ պնդեց, թե չնայած նախագահի մտահոգությանը, տարբերությունն այն է, որ Հայաստանի համար զենքը պաշտպանական նշանակություն ունի, Ադրբեջանի համար՝ հարձակողական։